ճանապարհ դեպի տնտեսական կենսունակություն

Հայաստանի մանուկներ հիմնադրամը գյուղական համայնքների տնտեսական կենսունակությանը միտված ծրագրեր է իրագործում։ Գործարար զարգացման ծրագրային ուղղությունները ներառում են՝

Միկրոդրամաշնորհներ տեղական հյուրատների (B&B) տերերին

Տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ընտրվելու է տեղացիների 5 ընտանիք, ում տրամադրվելու է փոքրիկ դրամաշնորհ՝ իրենց գյուղերում հիմնելու հյուրատներ (B&B): Ծրագրի իրագործման ժամանակահատվածը 2018 թ. հուլիս-օգոստոս ամիսներն են։ Սա տեղում նոր աշխատատեղեր կստեղծի, ինչպես նաև հնարավորություն կտա արտերկրի հյուրերին՝ ճաշակելու գյուղի նիստուկացի համն ու հոտը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ հյուրատուն

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հյուրատունն իջևանելու լավագույն վայրն է, երբ Լոռիում եք ու ուզում եք մոտից ճանաչել տեղացիների սնունդն ու կենցաղը։ Տիրապետելով Տուրիզմի տեկեկատվական կենտրոնի տրամադրած նյութերի ամբողջ փաթեթին՝ ձեր կացությունը ՍՄԱՐԹ հյուրատանն անմոռանալի կլինի։ 12 սենյակները պատրաստ են հյուրընկալելու զբոսաշրջիկների խմբերի, գործարարների, ներդրողների ու ընտանիքների։
Հյուրատունը տեղադրված է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կողքին՝ ոչ ֆորմալ կրթության եզակի հանգույցի, որ ծառայելու է Լոռու մարզի գյուղերի բնակիչներին։
Հյուրատան ռեստորանն առաջարկում է տեղական ու համաշխարհային խոհանոցի թարմ, համադամ կերակուրներ։

Տուրիզմին ուղղված հեռախոսային հավելվածների մշակում

«Visit Armenia» հավելվածը մշակում է Գյումրիում հիմնադրված «Թվային նուռ» (Digital Pomegranate) ընկերությունը։ Հավելվածը ներառելու է նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու գյուղերը՝ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնելու տեսանկյունից, տեղեկատվություն է տրամադրելու Հայաստանի մարզերի ու զբոսաշրջիկներին հետաքրքրող վայրերի մասին։
Հավելվածը լրացուցիչ հնարավորություն կտա նաև ամրագրելու տեղի հյուրատներ։
Հավելվածի շնորհիվ Հիմնադրամի շահառու գյուղերն ավելի հասանելի կլինեն արտերկրի զբոսաշրջիկների համար՝ այցելելու ու բացահայտելու գյուղական կյանքը և Հիմնադրամի կատարած ահռելի աշխատանքը։

Տուրիզմի ենթակառուցվածքների հիմնում մայրուղիների վրա

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը տեղակայված է Հայաստանի ամենառազմավարական մայրուղիներից մեկի մետ, իսկ տուրիստական տեղեկատվական կենտրոնը գտնվում է Մ6 միջպետական ճանապարհին։ Կենտրոնի նպատակն է այցելուների գրավելը ու նրանց համայնքային կյանքին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելը։ Այս կենտրոնը նաև հիմնադրամի ծրագրերի համար լրացուցիչ եկամուտ կապահովի։ Լեռնագնացության, արշավների, արկածային ուղևորության, սնվելու և թարմանալու հնարավորություններ կլինեն այս տեղեկատվական կենտրոնում։ Տեղի հյուրատների սեփականատերերն էլ կարող են իջևան առաջարկել այստեղ մի պահ հանգրվանած զբոսաշրջիկներին։

Հիմնադրամի գործարար ցանցի ընդլայնում

Հիմնադրամի գործարար ցանցի ընդլայնումը վերաբերում է նոր դոնորների հետ կապերի հաստատմանը, բիզնես ոլորտում գործառնող ընկերությունների հետ կապերի ինտենսիվացմանը, ինչպես նաև ՏՏ ոլորտում ու մասնավորապես բլոկչեին հայեցակարգի կիրառմամբ զբաղվող կառույցների հետ համագործակցությանը: