Ինչո՞ւ որոշեցիք Լոռին ընտրել՝ որպես ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման վայր:

Հայաստանի գյուղական համայնքները չիրացված ֆանտաստիկ ռեսուրս են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Այդ ռեսուրսը, իրավամբ, նախևառաջ մարդն է: 12 տարի առաջ մեր գործունեությունն սկսելով ամենաբարդ տարածքներից մեկում՝ նպատակ ունեինք ուսումնասիրել, թե ինչպես այդ ռեսուրսներն արդյունավետորեն կիրառենք: Հաջողվեց: Այժմ մեր առջև մեկ այլ մարտահրավեր կա՝ այս նույն արդյունքին հասնել ամբողջ Հայատանում՝ հրատապության խորին գիտակցությամբ: Լոռին առաջին քայլն է՝ մեր նորարարական ՍՄԱՐԹ հայեցակարգը ներկայացնելու: Հավատացած ենք, որ Լոռիում ձեռնարկվող ՍՄԱՐԹ քայլերը թույլ կտան հասնել նույն արդյունքին, ինչ Արմավիրում, բայց շատ ավելի արագ, ավելի մատչելի և առավել արդյունավետ ճանապարհով: Լոռիում այս նպատակին հասնելուց հետո մենք նախատեսում ենք կրկնօրինակել ՍՄԱՐԹ մոդելը 15-20 անգամ Հայաստանի գյուղական համայնքներում:

Ինչպես գիտեք, 2003 թ.-ից աշխատում ենք Արմավիրի մարզում և ավելի ուշ ընդլայնվեցինք դեպի Արագածոտնի հարավային շրջաններ: Երբ դեռ նոր պիտի սկսեինք, բազմաթիվ միջազգային ու տեղական ընկերություններ մեզ զգուշացնում էին, որ ընտրել ենք ամենաբարդ տեղանքը և որ գուցե ճիշտ կլինի վերանայել մեր որոշումը: Սակայն որոշեցինք ընդունել մարտահրավերը, ու կարծում եմ՝ բոլոր օբյեկտիվ չափորոշիչների համաձայն՝ ստացված արդյունքները տպավորիչ են կենսամակարդակի բարելավման, կենսական փոփոխությունների և մարդկանց խրախուսելու իմաստով: Դա, ըստ էության, բնակչության վերածնունդ էր: Այդպես աշխատեցինք 23 տարբեր գյուղերում, և առաջխաղացմանն ուղղված մեր հարցերը հետևյալն էին՝ ինչպե՞ս և դեպի ո՞ւր ընդլայնվել, ինչպե՞ս հաջող փորձը առավել նպատակահարմար ձևով վերարտադրել: Եթե նույն կերպ վարվեինք, ինչ Արմավիրի դեպքում, անհամեմատ երկար ժամանակ կպահանջվեր՝ ձեռք մեկնելու Հայաստանի հարյուրավոր գյուղերին: Մենք պետք է հանդես բերեինք նորարար նախաձեռնություն, և սա հենց այն է, ինչ անում ենք այստեղ:

Առաջին քայլը ՍՄԱՐԹ կենտրոնն է, որ տեղակայված է ՍՄԱՐԹ ավանում: Կենտրոնը հագեցած է լինելու տեխնոլոգիապես՝ անխափան կապ հաստատելով Երևանի, շրջակա 30 գյուղերի և ամբողջ աշխարհի հետ: Նպատակն է տեղի բնակչության, հատկապես երեխաների և երիտասարդության համար մուտք ապահովել տեղական և համաշխարհային գիտելիք՝ օգնելով նրանց բարելավել իրենց կյանքն ու համայնքներն այնպես, որ նրանք տարբեր ոլորտներում աշխարհի մակարդակով լուրջ դերակատար դառնան: Այսպիսով, ՍՄԱՐԹ հայեցակարգը մշակվելու է այնպես, որ համայնքն անհրաժեշտ կրթական նյութերով և փորձի փոխանակման հնարավորություններով ապահովվի: Ամեն ՍՄԱՐԹ ավան մեր ներկայությունն ապահովելու է ամենաքիչը 25-30 նոր համայնքներում: Հաջորդ 3 տարում մենք նախատեսում ենք ՍՄԱՐԹ ավաններ ունենալ Հայաստանի մի շարք մարզերում ևս: Նպատակը հաջորդ 10 տարվա ընթացքում 200-250 նոր համայնք ներգրավելն է: Այնպես որ, հաջորդ 5-6 տարում մենք կաշխատենք Հայաստանի գյուղերի գոնե կեսում:

 

Կարծո՞ւմ եք արդյոք, որ նախաձեռնության արդյունքում մարդիկ կտեղափոխվեն ու կվերաբնակեցնեն գյուղերը:

Երբ նայում ենք Արմավիրի մարզում մեր կատարած գործին, տեսնում ենք, որ հիմնել ենք հնարավոր լավագույն դպրոցները: Բայց դպրոցը ֆիզիկական կառույց չէ միայն. այն լավն է այնքանով, որքանով ապահովում է օպտիմալ և որակյալ կրթություն: Այնպես որ, Արմավիրի կրթական համակարգը երկրում առաջիններից է, եթե ոչ առաջինը: Նույնը վերաբերում է առողջապահական զարգացած ոլորտին, սոցիալական համակարգին և տնտեսությանը: Եթե կարողանանք առաջնակարգ որակ ապահովել նաև նշածս ոլորտներում, գրեթե պատճառ չի մնա համայնքը լքելու: Գուցե ինքս էլ ուզենամ տեղափոխվել այստեղ:

Արդյոք հրավիրելո՞ւ եք արտերկրի մասնագետների:

Իհարկե: Բազում ընկերություններ իրենց ոլորտում լավագույնն են, և իրենց հետ աշխատելը ռազմավարական ճիշտ մոտեցում է, ինչպես Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ-ի գործակալությունները, Համաշխարհային բանկը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ցանցը, «Նյումանս օուն» հիմնադրամը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն-Հայաստանը և այլն: Համագործակցության նմանատիպ օրինակները բազմազան են՝ Անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրից, Մասնագիական կողմնորոշման, Առողջ ապրելակերպի խրախուսման ծրագրերից մինչև Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար,  E-Agro հարթակ, Դպրոցներում առողջ սննդի կազմակերպում, Տեսանկարահանման և լուսանկարչական ակումբ, Ատամնակայաններ և Ատամների խնամքի և բուժման համապարփակ ծրագիր և բազում այլ նախաձեռնություններ:

Մենք ուսումնական սեփական ընդգրկուն ծրագրերն ունենք: Մեր առանձնահատկություններից մեկը Հիմնադրամի հայաստանյան գրասենյակն է՝ շուրջ 30 մասնագետ, ովքեր գրեթե ամեն օր գյուղերում են, ևս շուրջ 150 աշխատակից ունենք մարզերում: Ընդհանուր առմամբ՝ 180 աշխատակից ունենք:

Մենք վստահ ենք, որ ծրագրերի անմիջական իրագործումն առավել արդյունավետ է, քան երրորդ կողմին այն վստահելը: Ինչպես արդեն նշեցի, սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում մյուսների հետ, սակայն երբ նրանց հետ սկսում ենք աշխատել­­, հիմնական պատասխանատուն մենք ենք լինում: Հավաստիանում ենք, որ ծրագրերը ճշգրտորեն են ներդրվում: Մենք ոչինչ չենք հետաձգում, և դա է մեր հաջողության գաղտնիքներից մեկը: Այնպես որ, այո՛, մենք բազմաթիվ ընկերություններ և տարբեր ոլորտների մասնագետների ենք ներգրավում՝ օգնելու մեզ կատարելագործել մեր գործունեությունը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում: Այսօր արդեն փաստ է, որ, օրինակ, ապահովել ենք Հայաստանում գյուղական բուժօգնության ամենաբարձր չափանիշերը, ինչի շնորհիվ այլ կազմակերպություններ գալիս են մեզ նոր բան սովորեցնելու և մեզնից էլ սովորելու նպատակով:  

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները, ովքեր ուզում են մասնագիտանալ գյուղական առողջապահության ոլորտում, պրակտիկա են անցնում մեզ մոտ:

ՍՄԱՐԹ-ի հիմնական հայեցակարգը ենթադրում է դրա կրկնօրինակումը Հայաստանի տարբեր մարզերում, ինչը կարագացնի մինչ այս մեր գրանցած հաջողությունները: Ժամանակը սուղ է, ուստի պետք է կարևորության բարձր գիտակցություն դրսևորենք: Գործն առավել արագացնելու նպատակով մենք օգտագործելու ենք կենտրոնացված ավանը, որը ծառայելու է բազմաթիվ գյուղերի՝ կապ հաստատելով նրանց հետ հենց կենտրոնից:  

Միայն երեխանե՞րն են ծրագրի շահառու, թե՞ բոլոր գյուղացիները:

Բոլորը… չէ՞ որ հասարակություն ենք: Իրապես, հնարավոր չէ երեխաներին բաժանել իրենց ծնողներից: Օրինակ, Թումո-ն պատանիներին ուղղված ֆանտաստիկ մոդել է՝ տեխնոլոգիական ուղղվածությամբ, ինչի անհրաժեշտությունը կենսական է: Մյուս կողմից էլ, գյուղական կարիքներն ստիպում են, որ մենք անդրադառնանք ավելի լայն հասարակությանը: Սա այն է, ինչին ուզում ենք հասնել՝ իրագործելով բազմաշերտ ծրագրեր, որոնք կօգնեն բարելավել գյուղական համայնքների կյանքը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին և երիտասարդներին: Այսպիսով, այն համապարփակ է:

Թումոյի առաքելությունը, օրինակ, տեխնոլոգիաների դերն ու տեխնոլոգիական կրթությունը խթանելն է, իսկ մերը՝ գյուղերի կենսամակարդակի բարձրացումը: Եվ դա անհնար է միայն կրթական ծրագրերի շրջանակում: Հնարավոր չէ միայն առողջապահական ծրագրերի շնորհիվ: Մենք պետք է անդրադառնայինք կյանքի բոլոր ոլորտներին, ինչը, անշուշտ, ներառում է կրթությունն ու առողջապահությունը, բայց նաև սոցիալական բարեկեցությունն ու տնտեսական բոլոր ուղղությունները:

Իսկ դա անելիս չես կարող երեխաներին առանձնացնել իրենց ծնողներից: Օրինակ՝ մենք կրթում ենք ծնողներին առողջ սննդի հարցում. դպրոցում այդ մասը մենք ապահովում ենք երեխաների մասնակցությամբ ու չենք կարող անտեսել ծնողների դերը: Այլապես, ի՞նչ կկատարվի, երբ երեխան դպրոցից տուն գնա: Ծնողներն այդ հարցում կիրթ չեն, և մենք պետք է շարունակաբար ապահովենք այդ գիտելիքը: Պետք է հետևողական լինենք, որ առողջ սննդի հարցում երեխաների՝ դպրոցում ձևավորած սովորույթները տանն ամրապնդվեն:

Բոլոր ոլորտները պետք է համադրվեն, ուստի անհրաժեշտ է ներգրավել ամբողջ հասարակությունը: Վստահ չեմ, որ հնարավոր է անել այն, ինչ մենք ենք անում՝ թիրախ ունենալով միայն երեխաներին: Իհարկե, երեխաները հիմնական կենտրոնն են: Մեր գործի 70-80%-ը երեխաներին է վերաբերում, սակայն, կարծում եմ, անարդար է մյուսներին անտեսելը:  

Եվ մի բան էլ, որ վերը նշեցի, մենք պարզապես բավականաչափ հնարավորություններ ենք ստեղծում երեխաների համար՝ արտահայտելու, դրսևորելու իրենց բնածին տաղանդը: Օրինակ, Արմավիրի գյուղերի երեխաները հանդես են եկել սեփական նախաձեռնությամբ՝ ուղղված շրջակա միջավայրի մաքրությանը: Մենք չենք իրենց սովորեցրել: Կողքի գյուղերի երեխաները, իմանալով նման քայլի մասին, փորձը կիրառեցին իրենց համայնքներում: Հանդիպեցին հարևան գյուղի իրենց տարեկիցներին՝ մանրամասներին ծանոթանալու համար:

Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնը հիմնվում է անսահման գեղեցիկ մի վայրում, և նրա ճարտարապետությունը «անողոքաբար» նորարարական է լինելու: Գիտակցություն կձևավորվի, որ անհավանականը իրապես հնարավոր է: Նման հավատքը մեր պատմական ավանդույթն է, որն արտացոլվում է մեր ձեռքբերումների և ներդրումների մեջ՝ որպես ազգ, որպես մշակույթ և որպես ժողովուրդ:

Արդյոք նախատեսո՞ւմ եք կենտրոնը համալրել քաղաքներից հրավիրված մասնագետներով: Եթե այո, ապա ինչպե՞ս եք խրախուսելու նրանց տեղափոխվել Լոռի, երբ վերջինս ավելի քիչ բան ունի նրանց առաջարկելու, քան քաղաքային միջավայրը:

ԱՄՆ-ում 50 թվականներին մի շարժում է սկսվել՝ «Հետ դեպի հողը»: Ես ագարակ ունեմ Մեյն նահանգում, և պարզվում է, որ լավագույն շրջանավարտները սիրով վերադառնում են՝ գյուղատնտեսության անխառն միջոցները փորձարկելու և մաքուր ապրելու: Սա հնարավոր է նաև Հայաստանում: Գյուղերն առաջարկելու շատ բան ունեն ոչ միայն համայնքին, այլև Հայաստանին առհասարակ: Մենք պարզապես պետք է որոշակի ռեսուրսներ տրամադրենք, ու հավատացած եմ, որ ծանր գործի մնացյալ մասն իրենք անձամբ կանեն, ինչպես և է՛ր պատմականորեն:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի ավանը Լոռիում բաղկացած է լինելու ՍՄԱՐԹ կենտրոնից, առողջապահական կենտրոնից, մարզահրապարակներից և մի քանի լրացուցիչ դասընթացներից՝ ուսուցանելու գյուղատնտեսություն, շինարարություն, մեղվաբուծություն: Բացի այդ, մենք հյուրատան հարմարություններ կունենանք, որ կարող է հյուրընկալել միաժամանակ 20 հոգու: Մենք կկարողանանք հրավիրել միջազգային մասնագետների, ովքեր կգան, կդասավանդեն՝ օգնելով այդ համայնքները վերածել գերազանցության կենտրոնների:

Ինչո՞ւ է որոշվել, որ կենտրոնը պետք է որդեգրի «համապարփակ մոտեցում»:

Գյուղական Հայաստանի խնդիրները շատ տարբեր են: Երբ 2003 թ.-ին սկսեցինք աշխատել, մեզ թվում էր, թե միայն դպրոց ենք նորոգելու, այդքանը միայն: Հետո, երբ սկսեցինք դպրոցի վերանորոգումը, պարզեցինք, որ կրթական չափորոշիչները ևս խնդիր են: Մասնագետների հրավիրեցինք՝ վերապատրաստելու ուսուցիչներին և տնօրեններին ու ներկայացնելու աշակերտական ակումբների գաղափարը: Ահա թե ինչը հաջողություն բերեց մեր ծրագրերին: Նույնը կատարվեց նաև առողջապահական ծրագրի դեպքում: Բուժամբուլատորիայի հիմնանորոգմանը զուգահեռ՝ պարզեցինք, որ բուժքույրերն ու բժիշկները համապատասխան վերապատրաստում չեն անցել. ձեռնարկեցինք նաև այդ՝ գյուղական բժշկության մեջ ձևավորելով թերևս լավագույն փորձը:   

Ընթացքում նկատեցինք նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ. մարդիկ արդեն ավելի վստահ ու համարձակ էին բարձրաձայնում իրենց սոցիալական դժվարությունների մասին: Բանն այն է, որ մինչ այդ նման զրույցն արգելված էր. ոչ ոք չէր խոսում այդ մասին, որովհետև եթե հոգեբանական կամ սոցիալական խնդիրներ ունես կամ եթե դպրոցում ընկերներդ կամ ուսուցիչներդ քեզ լավ չեն վերաբերվում, դու երբեք այդ մասին չես խոսում: Սակայն բնակչությունը հետզհետե ինքնավստահություն ձեռք բերեց՝ տեսնելով, որ մենք հետևողական ենք, և իրենք իրենց խնդիրների հետ միայնակ չեն մնում:

Կարծրատիպեր կային նաև, օրինակ, հաշմանդամություն ունեցող երեխաների հարցում: Հենց որ գյուղի երեխաները համապատասխան գիտելիք ստացան, սկսեցին պաշտպանել հաշմանդամություն ունեցող իրենց տարեկիցներին: Կարճ ժամանակ անց երեխաները նկատեցին (ի դեպ, ինքնուրույն), որ գյուղում տարեցներ կան, ում մասին պատշաճ հոգ չի տարվում: Նրանք կազմակերպեցին ու նախաձեռնեցին ծրագրեր՝ հավաստիանալու համար, որ տարեցները բավականաչափ վառելիք ունեն ձմռան համար: Բայց, որ ամենակարևորն է, իրենք զրուցակից դարձան տարեցներին՝ լիովին ըմբռնելով, որ միայն նյութականի կարիք չէ, որ զգում են մեծերը. նրանք ուզում են հարգանք վայելել և հասարակության լիիրավ անդամ լինել: Սա հրաշալի արդյունք է, ու բոլորի համար ընդհանուր մի գիծ կա. սրանք տարբեր ծրագրերի շրջանակում են իրագործվել:

Անհրաժեշտ է համապարփակ մոտեցում դրսևորել՝ անդրադառնալով հասարակության բոլոր ոլորտներին, որ միջամտության կարիք ունեն: Դրանից հետո մնում է հիանալ, թե ինչպես են երեխաներն ինքնակազմակերպվում՝ հանդես գալով սեփական լուծումներով: Հիշենք, որ մենք գնում ենք այնտեղ, բայց չենք ապրում: Երեխաները մեզնից լավ գիտեն իրենց խնդիրները, և հաճախ լավագույն լուծումը հենց իրենք են առաջարկում: Մենք չենք կարող ենթադրել, որ եթե ապրում ենք այսպես կոչված «առաջադեմ հասարակության» մեջ, ուրեմն կարող ենք ասել, թե իրենք ինչպես ապրեն: Այսպիսով, մեր մոտեցումը նրանց քաջալերելն է և ռեսուրսներ տրամադրելը, որ հենց իրենք կարողանան լուծումներ առաջարկել: