ՍՄԱՐԹ-ը նորարարական հայեցակարգ է, որը մշակել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը: Այն առաջընթացի խթան է տալիս գյուղական համայնքների համար՝ շնորհիվ աննախադեպ ռեսուրսներին մուտք ունենալու հնարավորության: ՍՄԱՐԹ-ի 3 հիմնասյուներն են՝ ապահովել նորագույն տեխնոլոգիական տեսուրսների առկայությունը, խրախուսել գաղափարների փոխանակումը և ուսուցման բարձրագույն որակ սահմանել անհրաժեշտ գիտակրթական ոլորտներում:

 

Ինչո՞ւ է պետք կառուցել ՍՄԱՐԹ կենտրոն:

Հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնն ընդլայնում է գյուղական համայնքներում երիտասարդների հնարավորությունները, օգնում կանխել «ուղեղների» և «տաղանդի» արտահոսքը (այս երևույթին մենք հաճախ ականատես ենք լինում Հայաստանի դժվարին պայմաններում գտնվող գյուղերում): Գյուղական համայնքները տեխնոլոգիաներով ու կրթական վերապատրաստման հնարավորություններով հագեցնելը կարող է փոփոխության ու զարգացման երկարատև գործընթացի սկիզբ դառնալ: Գերազանցության այս ձգտումը ստեղծում է տնտեսական, սոցիալական և ձեռներեցության զարգացման հնարավորություններ:

 

Որտե՞ղ է լինելու առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը:

Մեր առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը, որն այժմ կառուցման փուլում է, տեղակայված է 18 ակր (7.2 հա) հողատարածքի վրա Հայաստանի հյուսիսային մարզում՝ Լոռիում: Լոռին դեռևս կրում է 1988թ. 25,000 մարդու կյանք խլած երկրաշարժի հետքերը: 

 

Ո՞վ է ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուն:

ՍՄԱՐԹ հայեցակարգի հիմնական շահառուները երեխաներն ու իրենց ընտանիքներն են, ովքեր տնտեսական դժվարությունների, սահմանափակ կրթական հնարավորությունների և ռեսուրսների սղության պայմաններում իրենց կյանքը բարելավելու ուղիներ են փնտրում: Շեշտը, իհարկե, դրվում է երիտասարդության վրա, սակայն ՍՄԱՐԹ-ի իմաստը տարածաշրջանը վերափոխելն է, ոչ թե միայն երիտասարդներին: ՍՄԱՐԹ-ի ծրագրերն ու միջամտությունները հասանելի են բոլոր դեմոգրաֆիական խմբերին: Գյուղական համայնքների աճին զուգընթաց դրա դրական ազդեցությունը հետզհետե ավելի զգալի է լինելու ամբողջ Հայաստանում:  

 

Ի՞նչ նպատակով է օգտագործվելու ՍՄԱՐԹ կենտրոնը:

ՍՄԱՐԹ կենտրոնն արտացոլելու է ինչպես նոր՝ տեղի կարիքներին հարմարեցված առաջարկներ, այնպես էլ Հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակում մեծ հաջողությամբ իրագործված ծրագրեր, այդ թվում՝ էլեկտրոնային գրադարաններ, բազմասենսորային (զգայական) ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդների համար, ձեռներեցության դասընթացներ, հասարակական կյանքում ներգրավվածություն, մասնագիտական վերապատրաստում, առողջապահական կրթություն, շրջակա միջավայրին և տնտեսագիտությանն առնչվող ծրագրեր:

 

Ե՞րբ է գործարկվելու ՍՄԱՐԹ կենտրոնը:

ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարության ավարտն ու գործարկումը նախատեսված են 2017թ. աշնանը:

 

Ինչպե՞ս ներգրավվել ՍՄԱՐԹ նախաձեռնությանը:

Մենք քաջալերում ենք համախոհ կազմակերպություններին, բիզնեսին, աջակիցներին ու դոնորներին՝ միանալու մեր ոգևորիչ ՍՄԱՐԹ նախաձեռնությանը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համագործակցելու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հասցեով՝ coaf@coafkids.org: Նվիրատվության համար խնդրում ենք սեղմել այստեղ: