Համայնքային կյանքի ակտիվացում

Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիր

Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի նպատակն է ձևավորել ամուր և հոգեպես առողջ, ինքնակազմակերպված համայնքներ, որոնք ի վիճակի են հոգ տանել համայնքի երեխաների մասին՝ ապահովելով երջանիկ մանկություն, բազմակողմանի զարգացում և խոստումնալից ապագա:

Այս նպատակին հասնելու համար Հայաստանի մանուկներ հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրն աշխատում է հետևյալ ուղղություններով՝

Համայնքային սոցիալական աշխատանք

Հայաստանի մանուկներ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքներում մատուցում է  համայնքային սոցիալական աշխատանքի ծառայություն, օժանդակում է երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, սոցիալական քաղաքականության մշակմանը։

Մեր համայնքային սոցիալական աշխատողների գործունեությունն ընդգրկում է հետևյալ ուղղությունները.

  • ուղղակի ծառայությունների մատուցում,
  • սոցիալական ակցիաների իրականացում,
  • սոցիալական պլանավորում,
  • համայնքային կազմակերպում։

Բուն աշխատանքը ներառում է՝

  • դեպքի վարում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի երեխաների/ընտանիքիների բացահայտում, կարիքների գնահատում, միջամտություն,
  • համայնքի կարիքների վերհանում, ուղղորդման, միջնորդության, աջակցման միջոցով դրանց բավարարում,
  • կրթական և իրազեկման աշխատանքների կազմակերպում համայնքի տարբեր խմբերի համար, սեմինարների իրականացում, անհրաժեշտ հմտությունների ուսուցանում,
  • երեխայի պաշտպանությանն ուղղված պետական և հասարակական կառույցների օպտիմալ գործառնման աջակցություն,
  • տարբեր կառույցներում երեխայի ներկայացուցչության ապահովում,

կամավորական շարժումների կազմակերպմանն աջակցություն՝ համայնքային ռեսուրսների օգտագործման ճանապարհով։

Հոգեբանական աջակցություն

Հոգեբանական աջակցության ծրագրերի հիմնական նպատակն է ապահովել երեխաների և դեռահասների հոգեկան առողջությունը, ստեղծել բարենպաստ և զարգացնող միջավայր՝ ներգրավելով ուսուցիչներին, ծնողներին և դպրոցի ղեկավար անձնակազմին:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու գյուղական համայնքներում կազմակերպվում են տարատեսակ հոգեբանական վարժանքներ, վերապատրաստումներ, կանխարգելիչ, աջակցող ծառայություններ՝ շեշտադրելով այն խնդիրներն ու դժվարությունները, որոնց հանդիպում են երեխաներն իրենց զարգացման տարբեր փուլերում: Հոգեբանական աջակցության ծրագրերը ներառում են որոշակի ենթածրագրեր։

 

Դպրոցի հոգեբանների վերապատրաստում

Գյուղական համայնքների դպրոցներում թեև արդեն աշխատում են հոգեբաններ, այնուամենայնիվ, նրանց դեռևս հասանելի չեն մասնագիտական աջակցությունը, համապատասխան մեթոդական ուղեցույցները, շարունակական վերապատրաստումները:

Հիմնադրամի ջանքերով հոգեբան-փորձագետները շարունակաբար աշխատում և վերապատրաստում են գյուղական դպրոցների հոգեբաններին՝ նրանց փոխանցելով տարաբնույթ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ մեթոդները: Ծրագրի արդյունքում Հիմնադրամի շահառու գյուղերի դպրոցների հոգեբաններն ունեն տարեկան աշխատանքային պլան, համապատասխան փաստաթղթերի և թեստերի բանկ, ինչպես նաև բազմաթիվ, արդեն իսկ փորձարկված հոգեբանական ծրագրեր և մեթոդաբանություն:

«Աջակցություն առաջին դասարանցիներին»

Հիմնադրամի հոգեբանները մշակել և ներդրել են «Հոգեբանական աջակցություն առաջին դասարան ընդունվող երեխաներին» ծրագիրը, որի շնորհիվ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար ավելի դյուրին է դառնում անցումը դպրոցին: Հատուկ թեստերի միջոցով գնահատվում է առաջին դասարանցիների՝ դպրոցին հոգեբանական պատրաստվածության և հարմարվողականության աստիճանը: Թեստերի արդյունքների հիման վրա հոգեբանները մշակում և իրականացնում են կանխարգելիչ տարբեր միջոցառումներ երեխաների և ծնողների համար՝ անհատական և խմբային զարգացնող աշխատանքներ, սեմինարներ, տեղեկատվական թերթիկներ:

 

«Հոգեբանը մանկապարտեզում»

Մանկապարտեզներում հոգեբաններն աշխատանքն իրականացնում են 3 հիմնական ուղղություններով՝ երեխաների, ծնողների և դաստիարակների հետ:

Երեխաների հետ տարվող աշխատանքների ընթացքում մանուկները հորինում են հեքիաթներ, նկարում և ներգրավվում այնպիսի գործունեության մեջ, որն օգնում է նրանց արտահայտել և ավելի լավ ըմբռնել իրենց հուզական աշխարհը: Արդյունքում՝ զարգանում են նաև երեխաների հուզական, ճանաչողական, ստեղծագործական և հաղորդակցման հմտությունները:

Մասնագետները զարգացնում են ծնողների ծնողավարման հմտությունները, ծանոթացնում երեխաների տարիքային զարգացման օրինաչափություններին:

Դաստիարակների համար նախատեսված սեմինարների ընթացքում առաջարկվում է, թե ինչպես կազմակերպել ստեղծագործական աշխատանքը նախադպրոցական տարիքի երեխաների հետ, ներկայացվում են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները, ուսուցանվում են երեխաներին առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու հմտություններ:

 

«Իմ թատրոն» արվեստի թերապիա

Հիմնադրամի նորարարական նախաձեռնություններից է թատերական թերապիայի կիրառումը՝ որպես գյուղական համայնքների երեխաների խնդիրներին անդրադառնալու այլընտրանքային հոգեթերապևտիկ մեթոդ։ Այս ուղղության առանձնահատկությունն այն է, որ ներկայացման պատրաստման ողջ ընթացքին երեխաներն անմիջական ակտիվ մասնակցություն են ունենում՝ անդրադառնալով սեփական զգացմունքներին, վերապրումներին, խնդիրներին, միջանձնային հարաբերութուններին և այլն։  Ներկայացման թեման ընտրվում է երեխաների խնդիրների վերհանման և քննարկման արդյունքում։ Խմբի կողմից համապատասխանաբար մշակվում է ներկայացման սցենարը, և ընտրվում են հերոսները։ Փորձերի  ընթացքում երեխաները փորձարկում են իրենց նոր, տարբեր դերում՝ նոր որակով, ավելի լավ ճանաչելով իրենց հնարավորությունները, ապրելով կյանքի տարբեր իրավիճակներ։ Նրանք դառնում են ավելի ճկուն, սովորում են տարբեր իրավիճակներից արդյունավետ դուրս գալու միջոցներ, ազատվում են հրապարակայնորեն ելույթ ունենալու բարդույթից:

Արդյունքում, երեխաներն ավելի ինքնավստահ են դիմակայում սեփական խնդիրներին, զարգանում են ինքնաճանաչման, ինքնարտահայտման, ստեղծագործական հմտութունները։ Նրանք դառնում են ավելի համբերատար, հարգալից և հաստատակամ։ Թատրոնի շնորհիվ շարունակաբար զարգանում են երեխաների ստեղծագործական ու վերլուծական հմտությունները: Թատերախմբի գործունեությունը խթանում է համայնքի ներառականությունը և բնակիչների փոխհարգանքը։

 

Մանկան զարգացման կենտրոն

Մանկան զարգացման կենտրոնը բազմամասնագիտական ծառայություններ է մատուցում տարբեր տարիքային խմբերի երեխաներին, նրանց հետ աշխատող մասնագետներին և ծնողներին: Կենտրոնի նպատակն է ապահովել երեխաների ինտելեկտուալ, սոցիալական և հոգեբանական ներդաշնակ զարգացումը:

Կենտրոնը նախատեսված է 3 տարիքային խմբերի համար՝ 3-4, 4-5 և 5-6 տարեկան երեխաներ: Կենտրոնում իրականացվում են յուրաքանչյուր երեխայի տարիքին և անհատական առանձնահատկություններին համապատասխան ծրագրեր, որոնք զարգացնում են երեխայի ընդունակությունները՝ նպաստելով նրա բազմակողմանի զարգացմանը: Կենտրոնում հավասարաչափ ուշադրություն է դարձվում երեխայի անձնային, սոցիալական, հուզական ու հաղորդակցման հմտությունների, խոսքի, ստեղծագործական ընդունակությունների, երևակայության և աշխարհընկալման զարգացմանը:

Պարապմունքների ժամանակ երեխաները սովորում են «տեսնել», «լսել», «արտահայտել», «արձագանքել», «ապրումակցել», «շփվել», «ստեղծագործել» և ստանալ առաջին տպավորություններն իրենց, շրջապատող աշխարհի, ընկերության, սիրո և այլ երևույթների մասին:

Կենտրոնում իրականացվող աշխատանքների հիմնական ուղղություններն են՝

– զարգացնող աշխատանքներ,

– շտկողական աշխատանքներ,

– հոգեախտորոշիչ աշխատանքներ,

– ուսուցանող աշխատանքներ,

– լուսավորչական աշխատանքներ:

Աշխատանքի իրականացման հիմնական ձևը խաղային գործունեությունն է:

Կենտրոնում երեխաները ստանում են հոգեբանի, սոցիալական աշխատողի, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայությունները:

Կենտրոնում կիրառվող մեթոդաբանությունն ու տեխնիկաներն են՝

  • արտթերապիա (ներկեր, գուաշներ, մատների ներկեր, ծեփ, ապլիկացիա, օրիգամի և այլն),
  • երաժշտական թերապիա,
  • մատների մարմնամարզություն,
  • թատերական գործունեություն՝ տիկնիկներ և հեքիաթներ,
  • խաղային գործունեություն՝ խաղային տարածության ստեղծում, համագործակցություն, կոլեկտիվիզմի զգացում և այլն,
  • ազատ խաղ,
  • ֆիլմադարան՝ զարգացնող մուլտֆիլմեր:

«Երջանիկ մայրություն»

Ծրագրի հիմնական նպատակներն են հղի կնոջ հոգեբանական նախապատրաստումը երեխայի ծննդին, երեխայի հետ շփման և ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ գործնական հմտությունների ձեռքբերումը: Սեմինարների ընթացքում հղի կանայք պատկերացում են կազմում հղիության և ծննդաբերության հոգեբանության վերաբերյալ, հղիության տարբեր փուլերի մասին, նաև՝ դեռ չծնված երեխայի հետ շփման առանձնահատկությունների վերաբերյալ: Սովորում են հաղթահարել հղիության հետևանքով առաջացած հոգեբանական դժվարությունները, տագնապները և վախերը: Անհրաժեշտ գիտելիքներ են ձեռք բերում երեխայի կյանքի առաջին տարվա խնամքի և դաստիարակության վերաբերյալ:

Աջակցություն խոսքի դժվարություն ունեցող երեխաներին

Խոսքի դժվարություններ ունեցող երեխաների աջակցման ծրագիրը մի շարք ուղղություններով տարվող աշխատանքների համապարփակությամբ նպաստում է համայնքում երեխաների խոսքի բնականոն զարգացմանը։

Կանխարգելում

Հանդիպումներ և սեմինարներ են անցկացվում համայնքի բնակիչների, անհատական զրույցների միջոցով խոսքային խանգարումների առաջացմանն ուղղված կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։ Միջոցառումներն ուղղված են ներկա  և ապագա ծնողներին, ընտանիքի մյուս անդամներին,  նախադպրոցական և դպրոցական հաստատությունների մասնագետներին։

Ծնողներն ի սկզբանե դիտարկվում են որպես մասնագետին սատարողներ ու  շտկողական աշխատանքի շարունակողներ: Ծնողների հետ կապը լինում է սեմինարների,  անհատական ու խմբային հանդիպումների միջոցով: Կատարված և պլանավորվող աշխատանքների մասին ծնողները տեղեկանում են ծնողական սեմինարների և վերապատրաստումների շնորհիվ: Սեմինարների նպատակն է երեխաների խոսքի զարգացման  տարիքային փուլերի առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ հաղորդել ծնողներին՝ առաջնորդվելով ամեն տարիքային խմբին վերաբերող արդիական և հուզող հարցերով, ծնողի կողմից ներկայացված կարիքով կամ անհանգստությամբ։ Տեսական գիտելիքի հաղորդմանը զուգընթաց՝ գործնական աշխատանքի միջոցով ծնողներն իրենց փոքրիկների հետ միասին սովորում են պատրաստել շտկողական, ճանաչողությունը և մանր մոտորիկան զարգացնող խաղեր՝ կիրառելով դրանք առօրյայում: Անհատական հանդիպումները քննարկման ձևաչափով են անցկացվում և կազմակերպվում են՝ ըստ ծնողի պահանջի:

Հայտնաբերում

Համայնքում բնակվող 3-10 տարեկան երեխաների խոսքային խանգարումները հայտաբերելու նպատակով իրականացվում են այցեր դպրոցներ, մանկապարտեզներ, բուժական հաստատություններ, զրույցների, դասալսումների, անհատական խորհրդատվությունների միջոցով հայտնաբերվում լոգոպեդական աջակցության կարիք ունեցող փոքրիկները։ Հատկանշական է, որ     հետազոտմանը մասնակից են դառնում դպրոցի և մանկապարտեզի մանկավարժները, որի արդյունքում սկսում են ճանաչել խոսքային խանգարումները և ճիշտ ժամանակին ուղղորդել մասնագետի մոտ։

Նույն նպատակին են ծառայում նախադպրոցական և դպրոցի տարրական օղակի մանկավարժների հետ անհատական և խմբային հանդիպումերը, որոնք անդրադառնում են խոսքի զարգացման փուլերին, դրանցում դաստիարակների դերին և կիրառվող գործնական խաղերին։ Հիմնադրամի փորձագետը մասնագիտական աջակցություն է տրամադրում նաև մանկավարժներին աշխատանքի կազմակերպման վերաբերյալ։

Համայնքի մասնագիտական ներուժի հզորացում

Ներառական կրթություն իրականացնող դպրոցների հատուկ մանկավարժ-լոգոպեդներին մասնագիտական աջակցություն է տրամադրվում՝ մասնագիտական գրականության, անհատական պարապմունքների դիտարկման, սեմինարների և քննարկումների, ինչպես նաև մասնագիտական սուպերվիզիայի միջոցով։ Միաժամանակ հզորացվում է համայնքաբնակ ուսանողների կամ աշխատանքային փորձ չունեցող  (լոգոպեդ/ հատուկ մանկավարժ) մասնագետների ներուժը՝ գործնական աշխատանքի դիտարկման, տեսական գիտելիքների փոխանցման և մեթոդների փորձարկման միջոցով։

Աջակցություն ուսումնական դժվարություն ունեցող երեխաներին

Նպատակն է օգնել երեխաներին հաղթահարել ուսման և դասապատրաստման հետ կապված դժվարությունները և լիարժեք վերաինտեգրվել ու մասնակցել ուսումնառության գործընթացներին:

Ուսումնական դժվարություններ ունեցող երեխաներին աջակցության տրամադրման ծրագիրն օգնում է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Տասնյակ երեխաներ, ովքեր ցածր առաջադիմություն, հոգեբանական կամ լոգոպեդական խնդիրներ ունեն, ստանում են ամենօրյա մասնագիտական աջակցություն, որի արդյունքում հաղթահարվում են նշված դժվարությունները, երեխաները դառնում են ավելի մոտիվացված, բարձրանում է նրանց առաջադիմությունը դպրոցում:

Իրականացվող ուսումնական պարապմունքներում ընդգրկված են ուսումնական գործընթացից հետ մնացող տարրական թևի աշակերտները: Ուսումնառության արդյունքը մեծապես կախված է այն բանից, թե ով է սովորողը և ինչպես է իրեն պահում ուսումնական գործընթացում, ուստի աշակերտների հետ իրականացվող պարապմունքներին կիրառվում են կոլեկտիվ ուսուցման տարբեր մեթոդներ: Հաշվի են առնվում հետևյալ կանխադրույթները.

  1. Յուրաքանչյուր առողջ երեխա ի վիճակի է յուրացնել ցանկացած ուսումնական նյութ:
  2. Աշակերտի հետաքրքրությունը ուսումնասիրվող նյութի նկատմամբ որոշվում է ոչ թե այդ նյութի բովանդակությամբ, այլ նյութի յուրացման գործընթացում աշակերտի գրանցած առաջադիմությամբ և հաջողություններով:

Երեխաների հետ աշխատանքների արդյունավետությունը երաշխավորվում է կոլեկտիվ ուսուցման մեթոդի կիրառմամբ։ Մեթոդը հիմնված է երեխայի անհատական կարիքի վրա, իսկ աշխատանքները  տարվում են անհատական, զույգերով և խմբային ձևաչափերի համակցությամբ: