Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական ծրագիրն աջակցում է նաև համայնքներում արվեստների և արհեստների զարգացմանը և ստեղծագործական նախաձեռնություններին, որի միջոցով աշակերտներին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել մի շարք հմտություններ և կարողություններ՝ ուղղված անձի համակողմանի և վերլուծական զարգացումը, համամարդկային արժեքների, մոտեցումների, վարվելակերպի ձևավորմանը, ինչպես նաև ազգային հոգեկերտվածքին, որն էլ ներառում է ազգային բնավորություն, պատմական հիշողություն, ազգային ոգի, կամք, մտածելակերպ:
Ծրագիրը մշակված է այնպես, որ երկարաժամկետ հաջողություն ապահովի աշակետների համար՝ զարգացնելով նրանց ստեղծագործ ու քննադատական մտածողությունը, կարևորելով արվեստների և արհեստների դերը, առողջ ապրելակերպն ու անվտանգությունը, կապվածությունը դպրոցին, համայնքին, ներգրավվածությունն ընտանեկան կյանքին, անհատական զարգացմանը և այլն:
Արտադասարանային խմբակների գերնպատակն է հավասարակշռել ակադեմիական ուսուցումը հետաքրքիր, զվարճալի միջոցառումների հետ այնպես, որ երեխայի զարգացումը լիարժեք լինի:
Խմբակները լրացուցիչ խթան են աշակերտի ուսումնական առաջընթացի համար, բարձրացնում են ստեղծագործականությունը, մտավոր ունակությունները, նպաստում նրա ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական զարգացմանը: Սա հնարավորություն է դպրոցականների համար՝ ի հայտ բերելու իրենց տաղանդը, սովորելու հանդեպ հակումները, փոքր-ինչ հանգստանալու ամենօրյա դասերից՝ դրսևորելով սեփական ունակությունները և ընկերական կապեր հաստատելով:
Նման ծրագրերը հասանելի են տարրական, միջին և ավագ դպրոցականներին ուսումնական տարվա ամբողջ ընթացքում՝ դասերից հետո՝ արտադասարանային խմբակների և ամառային դպրոցների ձևաչափով:
Հիմնադրամը շեշտը դնում է հիմնական 5 ուղղությունների վրա՝ արվեստ և արհեստ, մեդիա գրագիտություն, լեզուների ուսուցում, սպորտ:
Բոլոր մարզերում՝ Հիմնադրամի շահառու համայնքներում, գործում են հետևյալ արտադասարանային խմբակները.
- Ազգագրություն
- Անգլերենը՝ տարրականների համար
- Բասկետբոլ
- Բացահայտի՛ր ինքդ քեզ
- Գորգագործություն և կարպետագործություն
- Դեկորատիվ դիզայն
- Դհոլ
- Թատրոն
- Կարուձև
- Հայկական և ազգային պարեր
- Ձեռագործություն
- Նկարչություն
- Հենդբոլ
- Վոլեյբոլ
- Տիկնիկագործություն
- Տիկնիկային թատրոն
- Փայտագործություն
- Ֆուտբոլ
- Թեքվանդո
- Զարդարվեստ
Արտադասարանային խմբակներին մասնակցում է շուրջ 750 աշակերտ Հիմնադրամի շահառու համայնքներում:
Ամառային դպրոցները մեկնարկել են 2008 թ. և Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենահաջողված նախաձեռնություններից են: Այս ծրագրերը և´ աշակերտներին, և´ ուսուցիչներին հնարավորություն են տալիս սովորելու և շփվելու նոր մեթոդներով:
Յուրաքանչյուր համայնքում ամառային ծրագիրը բաղկացած է ուսուցողական և ինտերակտիվ բաղադրիչներից, որի ընթացքում մասնակիցը հաճելի ժամանակ է անցկացնում թատրոնի, պարի ու երգի, նորագույն տեխնոլոգիաների, սպորտի, ազգագրության, մեդիագրագիտության և այլ խմբակներում:
Ամեն տարի ծրագրերի մեջ փոփոխություն է լինում՝ նպաստելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակի և աշխարհայացքի ընդլայնմանը։
Ընդհանուր առմամբ, ամառային դպրոցներին տարեկան մասնակցում է 600-800 երեխա։ Ամեն համայնքում ներգրավվում են նաև 10-ից ավելի աշխատակիցներ՝ կազմակերպիչ, խմբավար, ջոկատավար ու կամավորներ։