Առողջապահության բարելավում

Հայասատանի մանուկներ հիմնադրամի առողջապահական ծրագրի նպատակն է պահպանել և բարելավել գյուղերում ապրող երեխաների և մեծահասակների առողջությունը և կանխարգելել հիվանդությունների առաջացումը: Գյուղացիներին հաճախ հասանելի չէ բարձրորակ մասնագիտացված բուժսպասարկումը, քանի որ այն կենտրոնացված է հիմնականում քաղաքային համայնքներում:

Կիրառելով համապարփակության սկզբունքը՝ Հիմնադրամը բազմազան առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ շեշտադրելով նախ և առաջ առողջ ապրելակերպի խրախուսումը և որակյալ առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Հիմնադրամի առողջապահական ծրագրերն են՝

Դպրոցներում առողջ ապրելակերպի խրախուսում

Վաղ տարիքից առողջ վարքագծի ձևավորումը զգալիորեն նվազեցնում է հանրային առողջության տեսանկյունից խնդրահարույց հիվանդացությունը և բարելավում կյանքի որակը: Այդ իսկ պատճառով Հիմնադրամը մշակել և իրագործում է «Առողջ դպրոց» ծրագիրը, որը ներառում է ոչ միայն առողջապահական կրթական դասընթացներ և սեմինարներ, այլև առողջ ապրելակերպի խմբակ, առողջության խրախուսման համադպրոցական միջոցառումներ, դրամաշնորհների՝ դպրոցական միջավայրն ավելի առողջ դարձնելու համար և այլն:

Դպրոցում կազմակերպվող առողջապահական կրթության սեմինարների և առողջ ապրելակերպի խմբակների շրջանակներում քննարկվում են առողջ սնուցման, ընդհանուր և բերանի խոռոչի հիգիենայի, աչքի խնամքի և տեսողության հիգիենայի, դեռահասի առողջության, առաջին օգնության, սեռական հասունության և վերարտադրողական առողջության, վնասակար սովորություններին վերաբերող թեմաներ և ոչ միայն:

Հիմնադրամի շահառու համայնքների 10 դպրոց անդամակցում է «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ցանցին: 2018 թ.-ին նախատեսվում է այս ցանցին ևս 5 դպրոցի անդամակցում։ Դա օգնում է մեր շահառու դպրոցներին կիրառել եվրոպական երկրների լավագույն փորձը՝ դպրոցներում առողջությունը խրախուսելու նպատակով: «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ծրագրի գաղափարախոսությունը համահունչ է դպրոցներում և համայնքներում Հիմնադրամի առողջապահական միջամտություններին: Ծրագրի շրջանակներում ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները համատեղ իրականացնում են դպրոցներն ավելի առողջ միջավայրի վերածելուն ուղղված միջամտություններ: Այս ռազմավարությանն աջակցելու համար Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում դպրոցներին:

Գյուղական դպրոցներում գործող առողջ ապրելակերպի խմբակներն ակտիվորեն ներգրավված են առողջությունը խրախուսող միջոցառումների կազմակերպման գործում: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում դպրոցները հաճախ նախաձեռնում են շատ հետաքրքիր և յուրօրինակ ծրագրեր, ինչպես առողջ սննդի խրախուսման համար տիկնիկային թատրոնի ներկայացումներ, արշավների կազմակերպում, դպրոցում խմելու մաքուր ջրի հասանելիություն, սպորտային խաղահրապարակի կառուցում, որոշակի մրգի կամ բանջարեղենի խրախուսման օր և շատ այլն:

Դպրոցահասակ երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերման, ժամանակին ուղղորդման և բուժման նպատակով Հիմնադրամը նաև մասնագիտական աջակցություն է տրամադրում դպրոցական բուժքույրերին՝ երեխաների տարեկան առողջապահական զննումներ իրականացնելու համար:

Դպրոցներում առողջ սննդի կազմակերպում

Հայաստանի Հանրապետությունում իրականացված «Դպրոցականների շրջանում առողջական վարքագիծը» հետազոտության արդյունքներով` հայ դպրոցականների մեծամասնությունն առավոտյան չի նախաճաշում, դպրոցում գնում է անառողջ սնունդ կամ էլ ընդհանրապես քաղցած է մնում մինչև դպրոցից տուն գնալը: Խնդիրն առավել արտահայտված է գյուղական վայրերում ու հանգեցնում է երեխաների թերսնուցմանը և առաջադիմության նվազեցմանը:

2013 թվականից սկսած՝ Հիմնադրամի «Առողջ սնունդ» ծրագիրը դպրոցներում ձևավորում է առողջ վարքագիծ, երեխաների համար հասանելի է դարձնում առողջ սնունդն ու առողջապահական կրթական միջոցառումները: Ծրագիրը մեկնարկում է դպրոցական ճաշարանների վերանորոգման ու կահավորման աշխատանքներով և շարունակվում տարրական դպրոցի աշակերտներին ուսումնական տարվա ընթացքում առողջարար տաք սնունդ մատուցմամբ՝ համագործակցելով նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ:

Ծրագրի շրջանակում բոլոր դպրոցական ճաշարաններին կից տեղադրվում են ձեռքերը լվանալու և ատամները մաքրելու համար նախատեսված հատուկ տարածքներ՝ ատամնակայաններ: Երեխաներից յուրաքանչյուրը Հիմնադրամից երեք ամիսը մեկ ստանում է ատամների խոզանակ և մածուկ, որպեսզի ատամների մաքրումը երեխաների համար դառնա առօրյա առողջ սովորություն:

Առողջ սնուցման ու հիգիենայի թեմաներով երեխաների ուսուցումը ծրագրի մեկ այլ կարևոր բաղկացուցիչ է: Այս նախաձեռնության միջոցով երեխաները տեղեկանում են, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ներկայիս սննդակարգը իրենց առողջության վրա: Արդյունքում՝ վաղ տարիքից երեխաների մոտ ձևավորվում է առողջ վարքագիծ:

Ատամնափուտի (կարիեսի) կանխարգելում և բուժում

Ատամների խնամքի ծրագիրը նպատակաուղղված է պայքարելու ատամնափուտի տարածման դեմ՝ հատկապես տարրական դպրոցի երեխաների շրջանում: Կրթության, կանխարգելման ու բուժման տարրեր պարունակող այս բազմաբաղադրիչ ծրագիրը ծառայում է հենց այդ նպատակին՝ հնարավորինս ինտենսիվ պայքար մղելով ատամնափուտի տարածման դեմ։ Այն ներառում է

  • Բերանի խոռոչի հիգիենա
  • Ատամների ֆտորացում
  • Անվճար ատամնաբուժական ակցիաներ

Բերանի խոռոչի հիգիենա: Այս միջամտության շրջանակներում մանկապարտեզի ու տարրական դպրոցի երեխաների համար կազմակերպվում են բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ դասընթացներ, իրականացվում է ատամների մաքրում հատուկ դրա համար նախատեսված ատամնակայաններում: Հիմնադրամի նախաձեռնած ատամնակայանների կառուցումը դպրոցներում ատամների խնամքը խրախուսելու նորարարական լուծումներից է:

  • Հայաստանի գյուղական տնտեսությունների համար հաճախ սահմանափակ է հոսող մաքուր ջրի հասանելիությունը: Իսկ հիմնադրամի կողմից աջակցություն ստացող դպրոցները հաճախ միակ վայրն են, ուր առկա է հոսող ջուրը: Դպրոցն այն տեղն է, ուր երեխաները կարողանում են լվանալ ձեռքերը տաք կերակուր ընդունելուց առաջ և մաքրել իրենց ատամները ուտելուց անմիջապես հետո՝ այսպիսով ձևավորելով առողջ վարքագիծ: Գյուղերում արդեն շատերն են օգտվում ատամնակայաններից, որոնք այս պահին թվով 24 են, և դրանք շատ սիրված են:

Անվճար ատամնաբուժական ակցիաներ: Հիմնադրամի կողմից ստեղծված ատամնաբուժարանների միջոցով սոցիալապես անապահով երեխաների համար կազմակերպվում են անվճար ատամնաբուժական ակցիաներ: Նման ակցիաների շրջանակներում իրականացվում է ախտահարված ատամների բուժում:

Առաջնային առողջապահական օղակի բարելավում

Գյուղական համայնքների բուժաշխատողների համար հաճախ հասանելի չեն վերանորոգված բուժհաստատությունները, ժամանակակից սարքավորումները, ախտորոշիչ գործիքները, կանխարգելման ու բուժման արդի մոտեցումները: Առաջնային օղակում բուժծառայությունները բարելավելու նպատակով Հիմնադրամը նորոգում և ժամանակակից սարքավորումներով վերազինում է գյուղական բուժհաստատությունները, իրականացնում է բուժանձնակազմի աջակից վերահսկողություն և օժանդակում վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանը: ­

Հիմնադրամի առողջապահական ծրագրի աշխատակիցները կողք կողքի աշխատում են գյուղական համայնքների իրենց գործընկերների հետ՝ վերջիններիս փոխանցելով նորանոր գիտելիքներ և հմտություններ, բժշկության մեջ կիրառվող ժամանակակից մոտեցումներ։

Այս գործընթացում Հայաստանի մանուկներ հիմնադրամին մեծապես աջակցում են սփյուռքահայ բժիշկները, ովքեր կամավորական սկզբունքներով դասընթացներ են իրականացնում և գյուղաբնակ բժիշկների հետ համատեղ հետազոտում ու քննարկում են դժվարին դեպքերը:

Գյուղաբնակ բուժաշխատողների միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումը ոչ միայն զարգացնում են նրանց մասնագիտական կարողությունները, այլև խրախուսում փորձի փոխանակումը, գործընկերությունն ու մասնագիտական միասնականությունը, բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը: Հիմնադրամի կողմից ձևավորված բժիշկների ցանցի շրջանակներում բուժաշխատողները պարբերաբար հանդիպում են, վարում քննարկումներ, ծանոթանում միմյանց հաջողություններին և մարտահրավերներին: Այսպիսով, բժիշկները խորհրդակցում են միմյանց հետ, իրենց գործընկերներին փոխանցում սեփական փորձը՝ մեծացնելով մասնագիտական աշխատանքի ծավալները:

Բնակչության առողջապահական զննումներ և կրթում

Հիվանդությունների վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման նպատակով Հիմնադրամն իրականացնում է կանանց առողջապահական զննումներ կրծքագեղձի, վահանագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով:  Առողջապահական զննումները ներառում են ինչպես կլինիկական հետազոտությունները, այնպես էլ ուլտրաձայնային ու բջջաբանական հետազոտությունները։ Նշված հիվանդությունները Հայաստանում լայն տարածում ունեն, իսկ առողջապահական զննումները հաճախ ո՛չ ֆինանսապես, ո՛չ աշխարհագրորեն հասանելի չեն գյուղերում ապրող սոցիալապես անապահով կանանց համար: Համատարած զննումների հետ համատեղ՝ կանանց տրամադրվում են օգտակար տեղեկություններ և թռուցիկներ վերոնշյալ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման մասին, ինչպես նաև ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների վերաբերյալ:

Ծրագրի մեկ այլ կարևորագույն բաղադրիչ է բնակչության առողջապահական կրթությունը, որն ուղղված է հղի կանանց, երիտասարդ մայրիկներին և քրոնիկական հիվանդություններ ունեցող մեծահասակ գյուղացիներին: Հղի կանանց և երիտասարդ մայրիկներին ուղղված դասընթացների նպատակն է առողջ հղիության, կրծքով սնուցման խրախուսումը, հղիությանը սպառնացող ռիսկային գործոնների ճանաչելիությունը, ժամանակին բժիշկին դիմելու մշակույթի ձևավորումը, ֆիզիկակական վարժություններ կատարելը և այլն: Քրոնիկական հիվանդություններով, մասնավորապես՝ հիպերտոնիկ հիվանդությամբ, բրոնխիալ ասթմայով և շաքարախտով տառապող հիվանդներին ուղղված դասընթացների նպատակն է նշված հիվանդությունների առավել արդյունավետ կառավարումը, դեղորայքի ճիշտ և հետևողական ընդունումը, հիվանդության համար առանձնահատուկ առողջ վարքագծի խրախուսումը, ինչն էլ  զգալիորեն բարելավում  և երկարացնում է հիվանդների կյանքը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի ռազմավարությունն է տեղի մասնագետների կարողությունների զարգացումը՝ ապահովելու զարգացման ծրագրերի շարունակականությունը, համայնքի կայուն առաջընթացի ապահովումը և ինքնուրույնությունը: Հիմնադրամը գործի է դրել առկա ծրագրերը գյուղաբնակ ուսուցիչներին և բժիշկներին փոխանցելու գործընթացը: Այսպես.

  • Հիմնադրամի կողմից վերապատրաստված առողջապահական կրթության դասավանդողները և առողջ ապրելակերպի ծրագրերի մենթորներն այժմ իրականացնում են առողջապահական կրթության այն բոլոր ծրագրերը, որոնք նախկինում կազմակերպում էին Հիմնադրամի փորձագետները: Արդյունքում՝ էապես մեծացել է գյուղաբնակ երեխաների ընդգրկվածությունն ու իրազեկությունն առողջ ուղերձներին:  

Հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստված գյուղաբնակ բժիշկներն ու բուժքույրերն արդեն ինքնուրույն են իրականացնում առողջապահական սկրինինգները, համայնքի առողջապահական կրթության միջոցառումները: Էապես աճել է վերոնշյալ ծառայություններից օգտվող գյուղացիների քանակը: