Առաքելությունը

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

Տեսլականը

Բոլոր երեխաներին տրվում է իրենց ներուժի դրսևորման լիարժեք հնարավորություն, որի շնորհիվ նրանք նույնպես նպաստում են համայնքի և հասարակության կայացմանն ու առաջընթացին: 

Գերակայություններ

Հիմնադրամի աշխատանքի գերակա ուղղությունները պայմանավորված են համայնքի զարգացման արդի մակարդակով ու պահանջներով: Հայաստանի մանուկներ հիմնադրամը գրեթե բոլոր համայնքներում աշխատում է հետևյալ հիմնական ուղղություններով՝ կրթություն, առողջապահություն, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայություններ, ենթակառուցվածքների վերականգնում և տնտեսական զարգացում:

Կարողությունների զարգացում

Առաջընթացի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է, որ գյուղական համայնքները լինեն ինքնաբավ, օգտագործեն տեղական ներուժը, այդ թվում՝ մարդկային, ֆինանսական և բնական: Գործընկեր համայնքներում Հիմնադրամի ուշադրության ծիրում են մարդիկ, նրանց գիտելիքների և հմտությունների զարգացումը, քաղաքացիական իրավունքների և պարտականությունների գիտակցումը:  Նման մոտեցումը նպատակ ունի ձևավորելու այնպիսի համայնքներ, որոնք սեփական մտավոր ռեսուրսների և մասնագիտական կարողությունների շնորհիվ ի զորու կլինեն ինքնուրույն լուծելու առկա խնդիրներն ու ապահովելու համայնքի առաջխաղացումը։

Կապերի հաստատում/Փոխգործունեություն

Մարդկային հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն արդյունավետ գործունեության համար, ուստի Հիմնադրամն անչափ կարևորում է տարբեր ցանցերի ստեղծումը: Այդ նպատակով են հիմնվել ներգյուղական և միջհամայնքային մասնագիտական, սոցիալական, մշակութային ցանցեր՝ ամրապնդելով ինչպես մարդկանց, այնպես էլ համայնքների միջև կապերը:  Ցանցերը հնարավորություն են տալիս համատեղ լուծումներ տալու առկա խնդիրներին, իրականացնելու փորձի փոխանակում և այդպիսով ձևավորելու փոխադարձ վստահության մթնոլորտ:

 

Գործունեության ընդլայնում

13 տարիների ընթացքում Հիմնադրամի կողմից կիրառվող մոդելն զգալի արդյունքներ է ունեցել: Ծրագրային հաջողությունների և փորձի վերլուծությունը թույլ է տալիս հավակնել, որ այն կարելի է տարածել և դարձնել կրկնօրինակելի մոդել: Այսօր ծրագրերի շահառուները Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչներն են: Հաջորդ տասնամյակում 100 նոր գյուղ ընդգրկելու նպատակով Հիմնադրամը ներկայումս հետազոտում է այլ մարզեր ևս՝ իր ծրագրերը ներդնելու համար: Իր առաքելությանը համահունչ՝ առաջադեմ և բարեկարգ համայնքներ կերտելու նպատակով Հայաստանի մանուկներ հիմնադրամը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվում է Լոռու մարզում: Աշխարհում եզակի այս նախաձեռնությունը դառնալու է զարգացման մոդել, որը կրկնօրինակվելու է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում ու նաև աշխարհում: 

 

ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Հիմնադրամի գործունեության հաջողության և գյուղական համայնքներում առաջընթացի գրավականներից են մարդկային կապիտալն ու սոցիալական զարգացումը: Մեր մոտեցումը համալիր է և համապարփակ: Զարգացման մեր փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ գյուղական համայնքներն առանցքային դեր են խաղում տնտեսական աճ ու կայուն զարգացում ապահովելու գործում: Հիմնադրամի հետ աշխատելը ոգեշնչում է գյուղաբնակներին՝ նորովի զգալու և գնահատելու իրենց սեփական արժանիքները և հնարավորություն ու աջակցություն է ընձեռում նրանց՝ հասնելու իրենց նպատակներին:  

Մասնակցություն

Երբ Հիմնադրամն ու համայնքը փոխադարձաբար համաձայնում են աշխատել միասին, գործն սկսվում է հանրության համար բաց մի շարք համայնքային ժողովներից, որտեղ սահմանվում են տվյալ համայնքի զարգացման առաջնահերթությունները: Այսպիսով, համայնքի բնակիչները մասնակցում են ողջ գործընթացին` ծրագրերի նախագծումից մինչև իրականացումը, ինչը նրանց սեփականատիրոջ զգացում է շնորհում:

Համագործակցություն

Համագործակցությունն ամրապնդում է համախմբվածության զգացումը և ընդլայնում է ապրանքների, ծառայությունների և նորանոր գաղափարների շուկան: Շնորհիվ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հիմնադրամի համագործակցության՝ ընդլայնվում է մեր ծրագրերի իրականացման շրջանակը և բազմապատկվում է մեր ռեսուրսների ներգործությունը:

Կայունություն

Մեր առաջնային նպատակը կենսունակ և աշխուժորեն զարգացող համայնք ձևավորելն է։ Այդ առումով, յուրաքանչյուր ծրագիր նախագծված է այնպես, որ պահանջվող ֆինանսական և մարդկային ռեսուրսները ներգրավվեն նաև համայնքից` այսպիսով կառուցելով Հիմնադրամից անկախ, պայծառ ապագա:

Լիազորությունների օժտում

Հիմնադրամի հետ աշխատելը ոգեշնչում է գյուղաբնակներին` նորովի զգալու և գնահատելու սեփական արժեքները, և հնարավորություն ու աջակցություն է ընձեռում նրանց` հասնելու իրենց գերնպատակներին: Մեր ծրագրերը ծնունդ են տալիս երկրի քաղաքացիների մի նոր սերնդի, ովքեր ունակ են կերտելու իրենց հաջողությունը: