Հիմնվելով 2003 թվականին՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամն սկսել է ծավալել իր բուն ծրագրային գործընթացները 2004 թ.- և արդեն 2016 թ.-ին տարածվել ու աշխատում է Հայաստանի 6 մարզերի 44 համայնքներում: Հիմնադրամը շարունակաբար ընդլայնում է իր աշխարհագրությունը և աշխատում ավելի քան 67,000 շահառուի հետ:

Ակունքները

2003 թ. օգոստոսին Գարո Արմենը Հայաստանում էր հատուկ առաքելությամբ: Լինելով հաջողակ գործարար՝ նա վաղուց էր սկսել մտածել այն մասին, թե ինչպես կարող է օգտակար լինել դժվարին ժամանակներ ապրող Հայաստանին: Հենց այդ նպատակով էլ 2000թ. Նյու Յորքում հիմնել էր Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ հասկանալով, որ երկրի ապագան երեխաների ձեռքերում է, և որ նրանց պետք ուղղվեն իր ջանքերը:

Հիմնադրամն արդեն իսկ օժանդակություն էր տրամադրել տարբեր դպրոցների ու մանկատների, ականազերծման ծրագիր էր իրականացրել ղարաբաղյան հակամարտության ընթացքում ականապատված տարածքներում: Սակայն Գարո Արմենն այս ամենը բավարար չէր համարում ու եկել էր տեսնելու, թե ինչպես կարող է իր ստեղծած հիմնադրամի գործունեությամբ ավելի մնայուն ու շարունակական ներդրում ունենալ Հայաստանում:

Առաջին գյուղը՝ Քարակերտ

Արմավիրի մարզում ծառայող մի քահանայի առաջարկությամբ Գարո Արմենն այցելեց մարզի ամենաաղքատ շրջաններից մեկի՝ Բաղրամյանի Քարակերտ գյուղ: Գյուղում հանդիպեց մի տարեց մարդու, և այդ հանդիպումն էլ կանխորոշեց այն տարածաշրջանը, որում Հայաստանի մանուկներ հիմնադրամը սկսեց իր գործունեությունը:

Գարո Արմենը շատ հարցեր ուներ ու ի պատասխան լսեց այն մասին, որ համայնքում աշխատատեղեր չկան, որ մարդիկ գոյատևում են հողագործությամբ, որ համայնքի դպրոցը կիսավեր է՝ առանց պատուհանների, առանց ջրի: Գարո Արմենն այցելեց դպրոց ու տեսավ, որ, չնայած այս ամենին, դպրոցն աշխատում է, իսկ տաքացնելու համար էլ նավթ ու գոմաղբ էին վառում: Հյուրն իր զրուցակցին խոստացավ, որ կվերադառնա ու կօգնի, բայց ի պատասխան քմծիծաղի արժանացավ. շատերն էին նույն խոստումը տվել, գնացել ու այլևս չէին վերադարձել:

Ի սկզբանե նախատեսվում էր սահմանափակվել դպրոցի վերանորոգմամբ, բայց շուտով պարզ դարձավ, որ դա կնշանակեր շատ մեծ վերքի վրա թեթև վիրակապ դնել միայն: Քարակերտի խնդիրները շատ էին ու բազմազան, և ուրեմն լուծումներն էլ պետք է համարժեք լինեին: Շատ ընտանիքներ ապրում էին հյուղակներում, ուր սանիտարական պայմաններն անմխիթար էին: Կրթական ու առողջապահական ծառայություններն էլ լուրջ աջակցության կարիք ունեին:

Հաջորդ այցելության ժամանակ Գարո Արմենը գյուղացիների հետ հանդիպում կազմակերպեց, որին մոտ յոթ հարյուր բնակիչ մասնակցեց: Համայնքն իր ներկայությամբ ցույց տվեց, թե որքան է կարևորում իրավիճակի բարելավումը, իսկ հիմնադիրն էլ անձամբ նրանցից լսեց իրենց հուզող առաջնային խնդիրների մասին: «Մարդիկ իրենց իրականությունը բոլորից լավ գիտեն, ու եթե մենք նրանց լսենք ու միասին աշխատենք, գերազանց արդյունքներ կստանանք»,- այսպես էր մտածում Գարո Արմենը:

Այսօր

Ընդամենը մեկ տարի անց մոտ 5000 բնակչություն ունեցող Քարակերտում գործում էին վերականգնված մանկապարտեզը, դպրոցը, ամբուլատորիան և համայնքային կենտրոնը: Տեսնելով այս բարեփոխումները՝ հարակից գյուղերն էլ ծրագրում ներգրավվելու ցանկություն հայտնեցին:

2006թ. Հիմնադրամն սկսեց աշխատել ևս հինգ համայնքում, որոնք նմանատիպ խնդիրներ ունեին, և որոնցից յուրաքանչյուրում առաջնահերթ լուծում պահանջող համարվեցին կրթությանն առնչվող հարցերը: Համայնքներն ու Հայաստանի մանուկներ հիմնադրամը ձեռնամուխ եղան այդ հիմնական նպատակի ուղղությամբ աշխատանքներին՝ բոլոր հնարավորություններն ուղղելով երեխաների ինքնազարգացմանն ու կայացմանը:

Ներկայումս Հիմնադրամն իր ծրագրային մոդելը կիրառում է Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ և Տավուշ, 44 գյուղական համայնքներում և հետագա ընդլայնման մտադրություն ունի:

Հիմնադրամը շարունակում է համապարփակ մոտեցում ցուցաբերել, այն է՝ համայնքի բնակիչների հետ միասին սահմանվում են առաջնահերթ խնդիրներ, նորոգվում են այն ֆիզիկական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքները, որոնք առանցքային են երեխաների ապագա հաջողությունների համար: