Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Ինչպիսի՞ աշխատանք է անում Հայաստանի մանուկներ հիմնադրամը:

Մենք համայնքային զարգացման ծրագրեր ենք իրականացնում կրթության, առողջապահության, երեխայի և ընտանիքի աջակցության և տնտեսական զարգացման ոլորտներում: Այս ծրագրերը համատեղելով կենսական ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքների հետ, մենք նպաստում ենք համայնքների կենսագործունեության բարելավմանը:  Ծրագրային մոտեցումն համապարփակ է (հոլիստիկ) և նախաձեռնողական՝ կարևորելով շահառուների ներգրավվածությունն ու պատասխանատվությունը:  Այս մոտեցման հիմքում ընկած է միջազգային զարգացման առաջավոր փորձը:

Ինչպե՞ս են ընտրվում գյուղերը: Ինչու՞ է ծրագիրն իրականացվում հենց այս մարզերում:

Մեր առաջին մարզում՝ Արմավիրում աշխատելու որոշումը Հիմնադրամը կայացրել էր՝ ելնելով փաստից, որ մարզի շատ գյուղական համայնքներում առկա են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ: Մասնավորապես, խոսքը Բաղրամյանի տարածաշրջանի մասին է, որտեղ խորհրդային տարիներին հիմնվել են արհեստական գյուղեր՝ մոտակա գործարաններում աշխատողների բնակեցման նպատակով: Ներկայումս այդ գործարաններն անգործության են մատնված:

Հիմնադրամի կողմից աջակցություն ստացած առաջին գյուղը Քարակերտն էր, որից հետո ծրագրին միացել են այլ համայնքներ՝ ելնելով առկա կարիքներից, ինչպես նաև համագործակցութան պատրաստակամությունից:

Հիմնադրամը հետագայում ընդլայնեց իր աշխարհագրությունը՝ այժմ իր ներկայությունն ապահովելով Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքներում: 

Արդյո՞ք ծրագրին ներգրավված են տեղական և համապետական իշխանությունները:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը հասարակական կազմակերպություն է: Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նրանց դիտարկելով որպես առանցքային դաշնակիցներ ծրագրային նպատակների իրականացման հարցում:  Բացի այդ, մենք խրախուսում ենք իրականացվող ծրագրերի համաֆինանսավորումը  համայնքների կողմից: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Հիմնադրամի ֆինանսական ներդրումներն իրականացվում են պետական կամ համայնքային իշխանության որևէ մարմնից անկախ:

Արդյո՞ք գյուղերն ապագայում կենսունակ կլինեն:

 

Մեր հիմնական նպատակն է ծրագրի ավարտին ունենալ կենսունակ և ինքնուրույն գյուղական համայնքներ: Սրանից ելնելով էլ՝ յուրաքանչյուր ծրագիր մշակվում և իրականացվում է այնպես, որ տեղերում առկա լինեն ֆինանսական և մարդկային այն ռեսուրսները, որոնք կապահովեն գյուղական համայնքների անկախությունն ու ինքնուրույնությունը:

 

Ինչպե՞ս է հիմնադրամը ֆինանսավորվում, և ի՞նչ հիմունքներով են հատկացվում ֆինանսական միջոցները:

Ներկայումս մեր ֆինանսավորման գերակշռող մասը ստացվում է մասնավոր նվիրատվություններից, որից բացի՝ մենք դրամաշնորհներ ենք ստանում մասնավոր ընկերություններից, միջազգային կազմակերպություններից և հիմնադրամներից:  Ֆինանսական հատկացումների մասին որոշումները կայացվում են զգուշավորությամբ՝ մանրամասն ուսումնասիրելով տվյալ համայնքի կարիքները և գնահատելով նախորդ տարվա ծրագրերը: Դիտարկվում են նաև հավանական գործընկերությունները, ինչից հետո միայն կազմվում է տարեկան բյուջեն, որը հաստատվում է Խորհրդի կողմից: